Վերջին 4 օրերի ընթացքում, Երևանում իրականացվել են անվճար վիրահատություններ, ժամանակակից լապարասկոպիկ գործիքների կիրառմամբ, ամերիկացի բժիշկ, լապարասկոպիկ վիրաբույժ Գենառո Դ. ԼաԲելլայի կողմից:
Վերջինս, հայ բժիշկների հետ փորձով կիսվելու նպատակով, Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում իրականացնում է հաստ աղիքի չարորակ քաղցկեղի վիրահատություններ:
Հոկտեմբերի 21-ից մինչ օրս կատարվել է 5 վիրահատություն և նույն քանակությամբ վիրահատություններ կիրականացվեն մինչ վաղը:
Ծրագիրը կազմակերպվել է ԱՄՆ-ում հիմնված Մեդունի բարեգործական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի նախագահ Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ հիմնադրամը պլանավորում է Հայաստանում ծրագրի իրականացում և նախատեսում բժշկական սարքավորումներ բերել Հայաստան: Ծրագրի շրջանակներում Ամերիկայից կժամանեն բժիշկներ՝ իրենց փորձով հայ բժիշկների հետ կիսվելու նպատակով:
‹‹Դոկտոր Գենառո Դ. ԼաԲելլան աղիքային քաղցկեղի ոլորտում լավագույն մասնագետներից է: Հայաստանում վիրահատությունների իրականացման համար բժիշկն իր հետ բերել էր լապարասկոպիկ սարք, որը հնարավորություն է տալիս կատարել բիոփսիա (քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդ) և բուն վիրահատությունը››, ընդգծեց Վահագն Մարտիրոսյանը:
Ըստ Վահագն Մարտիրոսյանի, քաղցկեղի հետ կապված իրավիճակը Հայաստանում այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչը և նրանք ողջ ուժերով փորձում են շտկել: Վերջիններիս գործունեության համար Առողջապահության նախարարությունն ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ապահովում են բարվոք պայմաններ:
Լապարոսկոպիկ մեթոդը նոր չէ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ մինչ օրս որևէ աղեստամոքսային տրակտի կամ հաստաղիքային քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն Հայաստանում չի իրականացվել:
Գենառո Դ. ԼաԲելլան այստեղ է ցուցադրելու այդ մեթոդի կիրառությունը: Սարքի արժեքը կազմում է 200.000-ից 300.000 ԱՄՆ դոլլար:
Ըստ ամերիկացի բժշկի, Հայաստանում շատացել են չարորակ ուռուցքների դեպքերը և նրա նպատակն է սովորեցնել հայ բժիշկներին, թե ինչպես իրականացնել այս վիրահատությունները կիրառելով լապարասկոպիկ մեթոդը: Այնուամենայնիվ, գերնպատակը հանդիսանում է տեղեկացվածության մակարդակի բարձրացումը հայերի շրջանում և սկրինինգ հետազոտման ծրագրի իրականացումը, ինչը թույլ կտա ուռուցքների վաղ փուլում հայտնաբերումը և կթեթևացնի վիրաբույժների աշխատանքը:
Կանխարգելում վիրահատական միջոցների կիրառման փոխարեն: Բժիշկը գտնում է, որ հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ կանխարգելումը ավելի հեշտ է քան բուժումը:
‹‹Խորհուրդ եմ տալիս 50 տարեկանից հետո կատարել կոլոնոսկոպիկ հետազոտություն (աղիքային հետազոտության մեթոդ) և փորձել հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում››, հավելեց ԼաԲելլան:
Բժիշկը նշեց, որ Վահագն Մարտիրոսյանի հետ ծանոթությունից հետո հրավեր ստացավ այցելել Հայաստան և կիսվել փորձով հայ բժիշկների հետ: Ծրագրի իրականացման վերաբերյալ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ քննարկումներից հետո, համագործակցության վերաբրյալ համաձայնություն կայացվեց: ԼաԲելլան գլխավորապես աշխատում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Բեթեսդա Հյուսիսային հիվանդանոցում, քաղցկեղի հիվանդությունների բուժման ոլորտում: Վերջինս վիրահատություններ է կատարում տարբեր հիվանդանոցներում, այդ թվում՝ Բեթեսդա Հյուսիսային հիվանդանոցում, Բարի Սամարացի հիվանդանոցում և ԹրիՀելթ Էվենդեյլ հիվանդանոցում: Դոկտորը նաև հանդիսանում է Ամերիկայի Վիրաբույժների խորհրդի և Ամերիկայի հաստ և ուղիղ աղիքի վիրահատության խորհրդի անդամ, ինչպես նաև դասախոսում է ԹրիՀելթ Ընդհանուր վիրաբուժության օրդինատուրայի ծրագրում:
Մեդունի բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2 տարի առաջ: Սա այս տարվա երկրորդ ծրագիրն է: Առաջին ծրագրի իրականացումը տեղի է ունեցել Վաշինգթոնում: Հիմնադրամը կազմակերպեց միջոցառում, որի շրջանակներում ԱՄՆ-ում ողջունեց ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամին, ի դեմս նախագահ Աննա Հակոբյանի:
Նախաձեռնությունների պակասի արդյունքում մինչ այս Հայաստանում ծրագրեր չէին իրականացվում: Այսուհետ հիմնադրամը պլանավորում է ընդլայնել ծրագրի շրջանակները կապված թե՛ բժշկական սարքերի նվիրաբերության, թե՛ Հայաստան բժիշկների այցի կազմակերպման հետ:
‹‹Հիմա մենք քննարկում ենք, պալիատիվ խնամք և հայաստանյան լավագույն համալսարանների բժիշկների ուսուցում ներառող, 2020թվականի մեր ծրագրերը: Մենք պայմանագիր ենք կապել Ջորջթաունի համալսարանի հետ, որտեղ մեր բժիշկները կարող են մասնագիտանալ ուռուցքաբանության ոլորտում››, նշեց հիմնադրամի ղեկավարը: Հիմնադրամը կֆինանսավորի հայ ուսանողների և բժիշկների ուսուցումը:
Comments